Վահան Հովհաննիսյանը հայտարարել է, որ հրաժարական է տալիս ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակի պաշտոնից։
«Ես փորձեցի մեր քաղաքացիներին համոզել, որ հաղթանակը հնարավոր է: Դա ինձ չհաջողվեց: Նախընտրական պայքարի ողջ ընթացքում տիրեց ատելության ու անհանդուրժողականության, ահաբեկման ու սպառնալիքների մթնոլորտ։ Դա չէր կարող իր դրոշմը չթողնել բուն ընտրության օրվա վրա»,-ասվում է հայտարարության մեջ:
2008-02-22 07:28
Վահան Հովհաննիսյանը հայտարարությունում ասել է, որ թեեւ ՀՅԴ Գերագույն մարմինը առայժմ մանրամասն ուսումնասիրում է բոլոր մարզերից, ընտրատեղամասերից ստացվող զեկույցները ու դեռ գնահատականներ չի տալիս, ինքը կայացրել է իր անձնական որոշումը ու հրաժարական է տալիս։
«Ես Ձեզ հանդարտության եւ զսպվածության կոչ եմ անում: Նրանք, ովքեր այսօր փորձում են գնալ ընդվզումի ճանապարհով, պետք է հիշեն եւ հասկանան, թե ինչ հանցանք գործեցին եւ ինչ արհավիրք բերեցին մեր ժողովրդի գլխին` կոպտորեն կեղծելով 1996թ. նախագահական ընտրությունները, սանձազերծելով ընտրախախտումների ինքնակատարելագործվող մի մեքենա, որը կանգնեցնել մինչ օրս չի հաջողվում: Բայց հավերժ այսպես չի լինելու: Եվ ես կոչ եմ անում բոլորիդ սառնասիրտ վստահությամբ պատրաստվել մեր հաղթանակին»,-ժողովրդի դիմել է Վահան Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 19-ի ՀՀ նախագահի ընտրություններում նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանը հավաքել էր ընտրողների ձայների մոտ 6 տոկոսը։
Նախագիծն իրականացվում է Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ-Հայաստանի (OSIAF) ֆինանսական օժանդակությամբ Նյութերի արտատպման դեպքում հղումը հեղինակին եւ Ինտերնյուսին պարտադիր է։
Copyright 2007. Internews Media Support NGO developed and designed by PxAll Design Studio