…Ոչ մի ինքնամաքրում էլ տեղի չունեցավ, ընտրությունների արդարությունը լրջորեն վիճարկվեց, ընդդիմության նվազումով խորհրդարանի մտավոր մակարդակի անկում եղավ, եւ ես էլ հրաժարական տվեցի` չցանկանալով աշխատել հեռուստատեսության նախկին պարտկոմի ենթակայության ներքո, որի նշանակումը պայմանավորված էր պարզ հովանավորչությամբ: Հիմա ես ուզում եմ հրապարակել 1995 թ. իմ զինանոցի հիմնական միջոցները` հասարակությանը հնարավորինս լավ նախապատրաստելու իշխանության քարոզչական որոգայթներին, իսկ այդպիսիք ծրագրողներին զգուշացնել, որ իրենց գործողությունները կանխատեսելի են, հետեւանքներն էլ ոչ մի բարի բան չեն խոստանում:
Հիմա` քողարկված քարոզչության մի շարք հնարանքների մասին, որ կիրառել եմ ես:
ԼՐԱՏՎԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Լուրերի թողարկումները գրեթե անմրցակից են հեռուստատեսությունում, հատկապես եթե այն միակն է: Լրատվությունը անխուսափելիորեն անդրադառնում է իշխանության առանցքային դեմքերի հետ կապված իրադարձություններին (այցելություններ, բանակցություններ, պայմանագրերի կնքում եւ այլն), որոնք կարեւոր են երկրի համար: Նախընտրական շրջանում այդ իրադարձությունները
 |
«հանկարծ» սկսում են հաճախանալ: Պետական գործիչներն սկսում են այցելել շրջաններ, որոնց մասին մոռացել էին «խաղաղ» ժամանակներում: Նույնիսկ միջազգային պաշտոնական հանդիպումները ծրագրվում են այնպես, որ համընկնեն նախընտրական ամիսներին («տեսեք-տեսե՛ք, թե մենք ինչ ծանրաբեռնված ենք աշխատում, տեսե՛ք, թե մեզ ինչ կարեւորություն են տալիս արտասահմանում»): Եթե մինչեւ ընտրությունները կողմնապահ լրատվության միջոցով միայն ուռճացվում է դրանց դերը, ապա նախընտրական շրջանում այն ինքն է «ստեղծում» իրադարձություններ` լրացուցիչ ուշադրություն հրավիրելով բարձրաստիճան պաշտոնյաների-իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների գործունեության վրա:
ՁԵՌՔՆԵՐԴ ՀԵՌՈՒ PRIME TIME-ԻՑ
Կան ժամեր, երբ ամբողջ ընտանիքը հավաքված է հեռուստացույցի առաջ, եւ պայքար է ընթանում հանուն հեռակառավարման վահանակի (պուլտի): Այդ ժամերին են հեռուստատեսության լավագույն հաղորդումները, այդ ժամերի գովազդը թանկ է: Երբ նախընտրական շրջան է, եւ պետք է հաղորդացանցում տեղավորել քաղաքական քարոզչությունը, ընդդիմության ազդեցությունը թուլացնելու ձեւերից մեկը նրան PRIME TIME-ից հեռու պահելն է` հեռուստատեսության ու հեռուստադիտողների շահերը վկայակոչելով: Դա կարող է ճիշտ լինել այն դեպքում, եթե նախընտրական շրջանում քաղաքական բոլոր նշանակալի ուժերը եթեր դուրս գալու հավասար հնարավորություն են ունեցել: Եթե այդպիսի հնարավորությունները սուղ են եղել, ինչպես մեր դեպքում է, ապա ընդդիմության առաջնորդների ելույթները կարող են մեծ լսարան հավաքել` բարձրացնելով հեռուստատեսության վարկանիշը: Բայց այս տրամաբանությանը ենթարկվելու, իրենց շահին հետեւելու համար պետք է, որ հեռուստատեսության տեր-տնօրենները կամք ունենան իշխանության մահակին դիմագրավելու, չէ որ գովազդային հոսքերը կառավարվում են նրա ֿուցումներով:
ՇԵՂՄԱՆ ԹԵՄԱՅՈՎ ԿՈՄԲԻՆԱՑԻԱ
Եթե ընդդիմության մեջ կա որոշակի գաղափարական ուժ, որն իրական վտանգ է ներկայացնում արդար ընտրության պայմաններում, նրա կշիռը նվազեցնելու միջոց է կեղծ վտանգի «հորինումը»: Այդպիսիք կարող են լինել պատմական կամ ոչ
 |
պատմական թշնամիները, միջազգային կազմակերպությունները կամ մի երրորդ գաղափարախոսություն: 1995 թ. ես որպես այդպիսին ընտրեցի կոմունիստական գաղափարախոսությունը, այն դեպքում, երբ իրական «վտանգը» ազգայնական արմատականությունն էր: Նույն հնարանքը կարող է կիրառվել մեծամասնական ընտրատարածքում ուժեղ թեկնածուի փոխարեն թույլին իրական հավակնորդ ներկայացնելու միջոցով:
ԱՆՀԱՎԱՍԱՐ ԲԱՆԱՎԵՃ
Քաղաքական հակառակորդներին անշահեկան վիճակի մեջ դնելու գործուն եղանակ է բանավեճի անհավասար զույգի ձեւավորումը: Եթե իշխանության թեւի ներկայացուցիչը տիրապետում է հռետորական տեխնիկային ավելի լավ, քան` ընդդիմախոսը, «ջախջախում է» նրան եւ միավորներ վաստակում: Երբեմն ազդու է նաեւ հակառակ իրավիճակը. ընդդիմության առաջնորդի դիմաց իշխող քաղաքական ուժի երրորդական գործիչ է, ինչը տպավորություն է թողնում, թե նրանք հավասար են: Իհարկե, քաղաքական գործիչները շատ հավակնոտ են, եւ մեծ վարպետություն է պահանջվում «անհավասար զույգին» եթեր բերելու համար:
ԱՐՏԱՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐ
Հաղորդացանցի` քաղաքականության հետ կապ չունեցող հաղորդումները միահամուռ կերպով սկսում են շոշափել ոլորտներ, որտեղ իշխանությունը հասել է կամ իբր հասել է հաջողության: Օգտագործվում են նաեւ այնպիսի անդրադարձներ իշխանավորներին, որոնք կանոնակարգված են օրենսդրությամբ:
ԲԱՑ ԵՎ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ՔԱտՈԶՉՈՒԹՅՈՒՆ
Այս կարգի քարոզչություն հազվադեպ է կիրառվում, քանի որ մարդիկ լավ չեն վերաբերում կողմնակալությանը: Այնուամենայնիվ, եթե գրոտեսկն ու հումորը սրամիտ են, դրանք մտապահվում են եւ բերանից բերան անցնում:
Բաց եւ միակողմանի քարոզչություն էր իրականացվում իմ հեղինակային «Քաղաքական փասիանս» հաղորդաշարի միջոցով, որը տեւել է ընդամենը մեկ ամիս: Այն լինելու էր բաց, բայց ոչ միակողմանի, քանի որ Հեռուստառադիոպետվարչության պետ տիգրան Հակոբյանի հետ համաձայնեցնելով` ես հրավիրել էի ընդդիմադիր հայացքների տեր անկախ վերլուծաբանների, որոնց առաջարկվեց շաբաթվա հինգ հաղորդումներից երեքը` իրենց
 |
սեփական վարողով եւ առանց որեւէ գրաքննության: Նրանք ոգեւորվեցին, գնացին… ու հետ չեկան: Միակ բացատրությունը, որ կարողացա նրանցից կորզել` ինչ իմանաս, թե ով կհաղթի: Հաջորդ ընտրություններից առաջ նույնպես ես ականատես եմ եղել «անկախ վերլուծաբանների» ծայրահեղ վախկոտությանը կամ հանկարծակի ցատկերին մի քաղաքական ճամբարից մյուսը:
Իսկ «Քաղաքական փասիանս» հաղորդաշարում ես մնացի մենակ` որպես իշխող քաղաքական թիմի պաշտպան /ՀՀՇ-ի անդամ ես երբեւէ չեմ եղել, հետեւաբար կուսակցական հանձնարարություն չեմ կատարել, այլ գործել եմ իմ հայացքների թելադրանքով, որոնք մինչեւ այսօր էլ չեն փոխվել/: Ես չխուսափեցի հաղորդաշարից, ենթադրելով, որ պետք է ամրապնդել գաղափարական համակիրների հավատը, քանի որ պատերազմով, անցումային տնտեսությամբ, ատոմակայանի փակմամբ պայմանավորված «ցուրտ ու մութ» տարիները զանգվածային դժգոհություն էին առաջացրել ժողովրդի մեջ:
ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 1995-Ի ԵՎ 2007-Ի ՄԻՋԵՎ
Այն օրերի իշխանությունը համարյա ուշադրություն չէր դարձնում քարոզչությանը` համարելով, որ ՀՀՇ-ի գաղափարախոսությունն ու քաղաքականությունը ժամանակակից է եւ համապատասխանում է միջազգային զարգացումներին, իսկ դրանք իրականացնողները «ճիշտ տղերք են»: Իմ պաշտոնավարության ընթացքում սուր արձագանք է եղել քննադատական հաղորդումների նկատմամբ իշխող կուսակցության այն գործիչների կողմից, որոնք նեղացած էին իրենց բաժին հասած դիրքերից: Հեռուստատեսության ղեկավարությունը,- ի դեպ` Ռադիոհեռուստապետվարչության պետը կառավարության անդամ էր, ես էլ, որպես նրա տեղակալ, ունեի փոխնախարարի կարգավիճակ,- չի ընկրկել նրանց ճնշման առաջ, այդ մարդիկ էլ մի օր հանգստացել են` խոշոր գործարանի տնօրենի-բանի նշանակման հասնելով: (Մի անգամ միայն համեմատաբար կարեւոր դեմք է վրդովվել, եւ ես խիստ նկատողություն եմ ստացել մի տնտեսական հաղորդման համար, որտեղ ինքս էլ քննադատական անդրադարձ ունեի):
Ավելի հաճախադեպ եւ ավելի բարձր մակարդակի նեղացածություններ են եղել, երբ բուն իշխանության գործիչները խանդել են իրար «անարդարացի» կարեւորումից: Այս դժգոհություններին դիմադրելն ավելի դժվար է եղել, բայց հեռուստատեսության ղեկավարությունը մեծ հաշվով պահպանել է իր ինքնուրույնությունը:
Միեւնույն ժամանակ պետական հեռուստատեսությունում /երկրորդ ալիքում/ եթեր ուներ Ա1-ը, որի նախընտրական խիստ ընդդիմադիր հաղորդաշարերից մեկը ես փրկեցի փակելուց` ինքս մասնակցելով թոք-շոուին եւ իմ ելույթով հավասարակշռելով բանավեճի միակողմանիությունը:
Այն օրերի իշխանության անտարբերությունը քարոզչության հանդեպ արտահայտվել է նաեւ դրամական օժանդակության անտեսմամբ` կուսակցական թերթերի համեմատ չնչին պետական աշխատավարձերի եւ աշխատակիցների համար հովհարային անջատումների պատճառով գոնե հեռուստացույցով երեւալու բարոյական փոխհատուցման բացակայության պայմաններում: Այսօրվա իշխանությունը փող չի խնայում քարոզչության համար` ֆինանսապես վնասաբեր հեռուստատեսությունները օլիգարխների «հաշվեկշռում» պահպանելով:
Այս հոդվածի մտահղացումը բնավ մեղայականով հանդես գալու նպատակ չի հետապնդում. ես բավականաչափ անկեղծություն ունեցել եմ ընտրություններից օրեր անց բաց խոսելու քարոզչության կազմակերպման մասին: Ավելի շուտ ինքնազոհաբերման մի ավանդույթի շարունակությունն է, որի մասին տեղը չէ ծավալվելու: Բայց ամենից կարեւորը խնդիրն է, որ ժամանակի ընթացքում ես անձնապես համոզվել եմ` անազնիվ միջոցները մեզ չեն մոտեցնում ազնիվ նպատակին, այլ հեռացնում են: Եվ իրական իշխանություն ունենալով` պետք է դրական օրինակ ծառայել բաց չթողնելու համար կյանքիդ գուցեեւ միակ նման շանսը:
ՎԱՀՐԱՄ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
1995թ.-ին հեռարձակված «Քաղաքական Փասիանս»-ի մի հատված կարելի դիտել ներքեւի Windows Media Player-ի նշանը սեղմելով։