Ի ն ֆ ո ր մ ա ց ի ա յ ի   ձ ե ր   ա լ ի ք ը
 
 
 2010.02.09
Գլխավոր  >  Հարցազրույց
Հարցազրույց քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանի հետ:
«Ժամանակները փոխվել են, իսկ մեր քաղաքական ուժերը քարոզարշավ են իրականացնում դեռևս 90-ականների մակարդակով։ Նրանց երևակայությունը սահմանափակվում է միայն հանրահավաքներ կազմակերպելով»։
2007-04-25

Որո՞նք են ճիշտ քարոզարշավ կազմակերպելու և անցկացնելու չափորոշիչները։

 

Դրանք շատ են, 100-ից ավելի, բայց մեզ մոտ օգտագործվում են ընդամենը մի քանիսը. պլակատ, կարգախոս, միտինգ։ Ասեմ, սակայն, որ դրանք էլ ճիշտ չեն օգտագործվում, ու արդյունքում ստացվում է այսօրվա տրաֆարետային քարոզարշավը, որը հասարակության վրա ոչ մի ազդեցություն ունենալ չի կարող։ Բայց այս իրավիճակը մեկ այլ պատճառ էլ ունի. քաղաքական ուժերը, համարյա առանց բացառության, սոցիալական բազա չունեն։

 

Ամեն դեպքում, փորձենք անդրադառնալ շուրջ 20 օր ընթացող քարոզարշավին։ Ի՞նչ տպավորություն է այն թողնում Ձեզ վրա։

 

Անհետաքրքիր, չաշխատված, ձանձրալի ու անգրագետ։ Քարոզարշավ կազմակերպելը լուրջ աշխատանք է, որը պետք է ներգրավի սոցիոլոգի, հոգեբանի, քաղաքագետի, քաղաքական տեխնոլոգիաների մասնագետների։ Բոլոր կուսակցությունների քարոզարշավն էլ ապացուցում է, որ այդ աշխատանքը չի կատարվել։ Քարոզարշավը պետք է լինի ընտրողների հետ տևական աշխատանքի արդյունք, մինչդեռ պարզ երևում է, որ այդ աշխատանքը կուսակցությունները փորձում են կատարել այս 1 ամսվա ընթացքում։

 

Գուրգեն Արսենյանի ՄԱԿ-ը վերջին 2 տարվա ընթացքում ԱԼՄ-ում հեռուստաեթերում հետևողականորեն ներկայանում էր ընտրողին։ Սա աշխատանք չէ՞։

 

Դա սխալ աշխատանք էր։ Գուրգեն Արսենյանը բուրժուայի կերպար է, ԱԼՄ-ի հեռուստադիտողը թոշակառուն, գյուղացին, սոցիալապես անապահով զանգվածն է։ Այդ զանգվածը հաստատ Արսենյանին չի ընտրելու։

 

Ընտրելու է Տիգրան Կարապետյանի «Ժողովրդական կուսակցությա՞նը։

 

Կարապետյանը կարողացավ մասամբ ձևավորել իր սոցիալական բազան։ Նա աշխատում է գյուղացիների, թոշակառուների ու կալանավորների վրա։ Վերջիններս ընտրելու իրավունք չունեն, բայց ունեն ընտանիքներ ու բարեկամներ։ Կարապետիչը օգտագործում է իր 1 տոկոսանոց պոտենցիալի 100 տոկոսը, մինչդեռ մյուսները օգտագործում են իրենց 100 տոկոսի միայն 1 տոկոսը։ Նրան այս ընտրություններում մեծ արդյունքներ ունենալու համար պակասում են ճիշտ քաղաքական խորհրդականները։

 

«Բարգավաճ Հայաստանը», որը, ենթադրվում է, խորհրդարանում Հանրապետականի հետ կազմելու է մեծամասնություն, տարբերվո՞ւմ է իր քարոզարշավով։

 

Եթե գործարարը սկսում է զբաղվել քաղաքականությամբ, ուրեմն, ինչ-որ խնդիրներ ունի։ Մեր հասարկությունը չի էլ մտածում Գագիկ Ծառուկյանի այն հայտարարության մասին, թե ինքը պաշտոն չի ուզում։ Պատկերացնենք՝ «Բարգավաճ Հայաստանը» այնքան ձայն է հավաքում, որ պետք է վարչապետ առաջադրի։ Ծառուկյանը հայտարարում է, որ իրեն պաշտոն պետք չէ, ի՞նչ է լինելու։ Կուսակցության գաղափարներին ու ծրագրերին հավատացող ընտրազանգվածը պիտի մտածեր այս մասին։ Այս հայտարարությունը էական բացթողում է «Բարգավաճի» կողմից, ինչը, սակայն, ընտրողին չի հետաքրքրում։

Ընտրող ու սոցիալական զանգված ունի «Հանրապետականը»։ Նրան ձայն են տալու և՛ գործարարները, և՛ չինովնիկները, և՛ զինվորականությունը։

 

Բայց կարելի՞ է այդ ընտրազանգվածը համարել Հանրապետականի գաղափարները կրող։

 

Այս դեպքում դա այնքան էլ կարևոր չէ։ Կա մի մեծ զանգված, որը հույս է կապում Հանրպետականի հետ ու սպասելիքներ ունի նրանից։ «Հանրապետականի» քարոզարշավը ընթանում է շատ հանգիստ, շատ կանխատեսելի է, ու դրանով նրանք ոչ նոր ձայներ են հավաքելու, ոչ էլ կորցնելու են։


Քաղաքական ուժերը իրենց հիմնական խաղաքարտըերը բացում են ընտրարշավի վերջին օրերին։ Դա, կարող է լինել, ասենք, ինչ-որ մուլտֆիլմ, խոսք, հետաքրքիր բանավեճ։ Կարո՞ղ են վերջին օրերի քայլերը կողմնորոշիչ լինել ընտրողի համար։

 

Լավագույն դեպքում՝  2-3 տոկոսով, չնայած ժամանակի ճիշտ ընտրությունը ընդհանրապես կարևոր է։  Թարմ օրինակ բերեմ. «Գոլոս Արմենին» տպեց Արթուր Բաղդասարյանի զրույցի սղագրությունը։ Սա կոչվում է «պարտիզանական գրոհ», երբ կոմպրոմատը ներկայացվում է  ուրիշի, այս դեպքում՝ թերթի միջոցով։ Ասեմ, սակայն, որ այս պահին սա ճիշտ քայլ չէր։ Ընտրազանգվածի 10 տոկոսը քվեարկում է ուղեղով՝ ծրագրերին ծանոթանալով, 30-60 տոկոսը՝ քաղաքական գործչի ու կուսակցության իմիջին նայելով, մնացածը քվեարկում է պահի տակ, ու նրա վրա ազդում է քարոզարշավի վերջին 3-4 օրերի իրադարձությունները։ 20 օր առաջ այսպիսի կոմպրոմատ հրապարկելով՝ Բաղդասարյանին հնարավորություն է տրվում ասվածը հերքելու, բայց մի այլ պահ էլ կա։ Բացառված չէ, որ այս քայլը արված էր հենց Արթուր Բաղդասարյանի կողից։ Այս դեպքում այն կարելի է արդյունավետ համարել, որովհետև բամբասանք տարածելով ու հետո այն հերքելով, վակցինացիա է կատարվում հետագայի համար։

Կամ մեկ այլ օրինակ. «Նոր ժամանակների» նախագահ Արամ Կարապետյանը իր քաղաքական գովազդի ժամանակ մերկացնում է նախարարներին։ Եթե նա դա աներ 3 ամիս առաջ, գուցե ուշադրության արժանարար, բայց հիմա, երբ 25 հոգի իրար հետևից դիմում է հեռուստադիտողին, նրա ասելիքը կարևորությունը կորցնում է։

 

Քարոզարշավը ընթանում է նաև միտինգներով։ Ինչպես՞ եք գնահատում դրանք։

 

Այստեղ դրականորեն կարելի է առանձնացնել միայն Դաշնակցության ապրիլի 9-ի միտինգը, որովհետև կար էմոցիոնալ կապ հռետորների ու հավաքվածների միջև։ Նրանք ճիշտ էին ընտրել նաև հանրահավաքի վայրը՝ կինո «Մոսկվայի» դիմացի հրապարակը։ Տեղը փոքր էր, ու տպավորություն էր ստեղծվում, թե միտինգը բազմամարդ է։ Ելույթները կարճ էին՝ ամենաշատը 7 րոպե, երգերը ռիթմով էին, իսկ  Ռուբեն Հախվերդյանի կատարումը շատ ճիշտ էր համերգը փակելու համար։

 

Արտո Թունջբոյաջյանն էլ երգեց «Ժառանգության» հավաքին, ինչո՞ւ չեք առանձնացնում այս կուսակցությանը։

 

Միտինգը բաց տարածքում է լինում, փակում արդեն այն դառնում է հանդիպում, ու տեխնոլոգիաները փոխվում են։ «Ժառանգության» հավաքը Արմենիա-Մարիոթում էր։

 

Ընտրողների հետ հիմնականում հանրահավաքներով է շփվում «Իմպիչմենտ» դաշինքը։ Ի՞նչ կասեք այս հանրահավաքների մասին։

 

Սկսեմ նրանից, որ դաշինքի ձգտումը հանրահավաք անցկացնել հատկապես Ազատության հրապարակում, անիմաստ է։ Այստեղ գոնե 15 հազար մարդ պիտի հավաքվի, որ երևա հանրահավաքին մարդ է եկել, մինչդեռ «Իմպիչմենտի» հանրահավաքներին հազար հոգի էլ  չի գալիս։ Միակ առավելությունը այս հանրահավաքներում կարելի է համարել Փաշինյանի զգացմունքային ելույթները,  բայց դրանք չպիտի լինեն 14-15 րոպե, ինչպես լինում են։

Միտինգների ժամանակ կարևոր են կոնկրետ բառի վանկաշեշտումն ու ծափը, լույսերը, հրավառությունը, բայց  միայն լավ միտինգը չի կարող ապահովել լավ քարոզարշավ։

 

Ուրիշ ի՞նչ տեխնոլոգիաներ կարող եք հուշել։

 

Ասենք, նամակագրական կապը ընտրողների հետ, բայց դրանով պետք է զբաղվել ընտրություններից գոնե մի 6 ամիս առաջ։ Պատկերացրեք, ընտրողն ստանում է շնորհավորական ուղերձ Սերժ Սարգսյանի անունից ու նրա ստորագրությամբ։ Սա մեզ անհավանական է թվում, բայց ընդունված է քաղաքակիրթ երկրներում։ Մեզ մոտ նույնիսկ կեղտոտ տեխնոլոգիաներ չեն օգտագործվում։ Միակ ձևը լրագրողին փող տալով  մրցակցի դեմ հոդված տպագրելն է։

 

Էլ ի՞նչ կարելի է անել։

 

Ես թեկնածու եմ, բայց ասֆալտ անել չեմ կարողանում։ Դրանով զբաղվում է իմ մրցակիցը։ Ամեն օր, կեսգիշերին զանգում եմ ընտրողներիս ու նրա անունից հիշեցնում, որ ես իրենց համար ասֆալտ եմ արել։ Համաձայնեք, որ սա ոչ մի ընտրողի դուրս չի գա, ու այս տիպի բազմաթիվ օրինակներ կարելի է նշել։ 

 
«    Փետրվար 2010    »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇբթԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
 
Համաձա՞յն եք, որ ամառային հանգիստը պետք է անցկացնել Հայաստանում
Այո, որովհետեւ այդպես էժան է
Այո, որպեսզի ծախսված գումարները մնան Հայատանում
Ոչ, որովհետեւ թանկ է
Ոչ, որովհետեւ սպասարկումը ցածր մակարդակի վրա է

HotLine

 


Armenian Top Web Sites Statistics & Rating

Նախագիծն իրականացվում է Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ-Հայաստանի (OSIAF) ֆինանսական օժանդակությամբ
Նյութերի արտատպման դեպքում հղումը հեղինակին եւ Ինտերնյուսին պարտադիր է։
Copyright 2007. Internews Media Support NGO developed and designed by PxAll Design Studio